пятница, 1 февраля 2013 г.

Առաքել Դավրիժեցի


Առաքել Դավրիժեցի (մոտ 1590, Թավրիզ – 1670, Վաղարշապատ), պատմագիր, եկեղեցական գործիչ: Սովորել է Սուրբ Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցուն: Ձեռնադրվել է վարդապետ, զբաղվել ուսուցչությամբ, ընդգրկվել Էջմիածնի միաբանության մեջ, 1636–37թթ. Հովհաննավանքի առաջնորդն էր: 1645–46թթ. այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Հունաստան, եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հանգանակել գումարներ Մայր աթոռի համար: 1651–62թթ. ընթացքում Փիլիպոս Ա կաթողիկոսի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն» («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրել է իր ապրած ժամանակների եղելությունները, անդրադարձել Հայաստանի տնտեսական ու քաղաքական կացությանը, պարսկա-օսմանյան պատերազմների պատմությանը, ջալալիների շարժմանը, վավերականորեն նկարագրել 1604թ. շահ Աբբաս I-ի կազմակերպած՝ հայերի բռնագաղթը և դրա աղետալի հետևանքները: «Պատմութիւնը» արժեքավոր աղբյուր է հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար, եզակի են Լվովի հայերի ներքին կյանքի, ինքնավարության, դատավարության, կենցաղի, Նոր Ջուղայի հիմնադրման ու ծաղկման, արհեստների, առևտրի զարգացման վերաբերյալ տեղեկությունները: Պատմության մեջ մանրամասն անդրադարձ կա XVII դ. 1-ին տասնամյակներին Ս. Էջմիածնի անմխիթար կացությանը, Մայր աթոռի ներքին կյանքի դժվարություններին, հոգևորականության բարքերին, վկայաբանություններին, նահատակության առանձին դեպքերին, Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործունեությանը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրմանը, ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեցական, կրթական ու մտավոր-մշակութային գործունեությանը: Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը: Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ: Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն:
«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ: 1990թ. լույս է տեսել երկի քննական հրատարակությունը: Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973), լեհերեն (1981), հատվածաբար՝ վրացերեն (1974):

Комментариев нет:

Отправить комментарий