четверг, 31 января 2013 г.

Կիրակոս Գանձակեցի


Կիրակոս Գանձակեցի, (1202 կամ 1203 - 1271), հայ պատմագրության փայլուն ներկայացուցիչներից։ Նա դեռևս իր ժամանակակիցների կողմից գնահատվել է որպես բանիմաց անձնավորություն՝ «րաբանեաց պետ»։ Այսօր էլ նրա մատենագրական ժառանգությանը հայագիտության և արևելագիտության տեսանկյունից մեծ արժեք է տրվում և արժանանում է մշտական ուշադրության։
Գանձակեցին ապրել և ստեղծագործել է պատմական բարդ մի ժամանակաշրջանում, պատերազմի, բազմազան ավերածությունների, սոցիալական և հասարակական ծանր իրադրության ու ներքին հակասությունների պայմաններում։ Այդ այն ժամանակն էր, երբ բուն Հայաստանում արդեն վաղուց չկար պետական կենտրոնացված իշխանություն և մոնղոլական արշավանքները արյունաքամ էին արել երկիրն ու բնակչությանը։


Կենսագրական տեղեկություններ



Կիրակոսը ծնվել է 1202 կամ 1203 թ. «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակ քաղաքում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր Հայաստանի հյուսիս-արևելյան կողմերից և Արցախից մի քանի գավառ։
Մանուկ հասակում1209-1212 թթ. հավանաբար, նա իր ուսումնառությունն սկսում է համբավաշատ գիտնական-վարդապետ Մխիթար Գոշի՝ միջնադարյան Հայաստանի կրթական հռչակավոր օջախներից մեկում՝ Նոր Գետիկի դպրոցում։ Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թթ.։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել էր Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը՝ ժամանակի հռչակավոր գիտնական-ուսուցչապետներից ու մատենագիրներից մեկը։
1225 թ. Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ իր փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել այնտեղ։ Սակայն 1236 թ. մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվամ և Կիրակոսին, գերեվարում են։ Հետագայում, մի քանի ամիս անց, փրկագնով ազատվում է Հովհաննես Վանականը, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանամ է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում այնքան շահեկան պատմա-ճանաչողական նյութ էր հաղորդելու իր «Պատմութիւն հայոց» աշխատության մեջ։
1236 թ. նա վերստին գալիս, հաստատվում է նոր Գեւոիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ Համենայն դեպս 1260 թ. նա դեռևս այստեղ էր, ինչպես վկայում է վանքի վիմագիր արձանագրությունը։ Կիրակոս Գանձակեցին, անտարակույս, այստեղ ապրել և գործել է ոչ որպես շարքային վանական։ Ըստ երևույթին, և վարչական, և, մանավանդ, հոգևոր-գիտական առաջատար պաշտոն ու դեր է կատարել, ինչպես պարզ կարելի է կռահել եղած թեկուզ և անուղղակի գրավոր հաղորդումներից։
Կիրակոս Գանձակեցին, ամենայն հավանականությամբ, պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և Հաղբատում, որտեղ էլ, ըստ երևույթին, իր «հոգեհարազատ» ընկերոջը՝ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։
Նա մինչև իր կյանքի վերջը զբաղվել է մատենագրական աշխատանքներով, բայց և հեռու կանգնած չի մնացել ընդհանրապես հայ հասարակական, կրոնա-վարչական և մշակութային կյանքից։ Մահացել է 1271 թ. աշնանը, հավանաբար Նոր Գետիկ վանքում, և այնտեղ էլ թաղվել։
Գործը

Կիրակոս Գանձակեցու մեզ հասած մատենագրական վաստակը բազմազան չէ։ Ենթադրվում է, որ նա վերակազմել և խմբագրել է միջնադարյան եկեղեցական ծավալուն ժողովածուներից մեկը՝ «Յայսմաւուրքը», որը սկսել էր ձևավորվել դեռևս X դարում։ Սակայն այդ ենթադրությունը դեռևս անտարակուսելի չէ, որովհետև բացառված չէ, որ մեր մատենագրության մեջ համանուն հեղինակների և նրանց երկերի ոչ սակավադեպ շփոթությունը այս դեպքում ևս տեղի ունեցած լինի։ Նա հեղինակել է նաև մի քանի մանր երկեր։
Գանձակեցին հայ մատենագրության պատմության մեջ պատվավոր և ուրույն տեղ ունի իր մեծարժեք պատմագրական երկով։ Ի դեպ, ինքը՝ Գանձակեցին այդ քաջ գիտակցել է ու ըստ այդմ գրքի առաջաբանում գրել. «Որպեսզի սա մեզ համար լինի մահարձան, ոչ թե Աբիսողոմի քարի նմանությամբ, այլ կենդանի»: Այս երկը մեզ է հասել տարբեր վերնագրերով։ Նա իր աշխատությունդ սկսել է 1241 թ. և ըստ վերջին եզրակացությունների, հավանաբար, խորագրել է այսպես, «Համառօտ պատմութիւն ժամանակաց ի սրբոյն Գրիգորէ մինչև ցյետին աւուրս թևացեալ, արարեալ Կիւրակոսի վարդապետի ի մեծահռչակ ուխտն Գետկայ»։ Պատմությունը բաժանված է երկու հիմնական մասերի, որոնք իրենց հերթին տրոհված են 65 (ԿԵ) գլուխների։ Ունի նաև առաջաբան։ Երկը ավարտված, եզրափակված չէ։ Տարակույս չկա, որ հեղինակը տրամադիր է եղել այն շարունակել, բայց վրա հասած մահվան կամ այլ պատճառով շարադրանքը ընդհատվել է։
Առաջաբանը նվիրված է Պատմության գրության հանգամանքներին, իսկ առաջին մասը սկսվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի և հիմնականում նրանց անունների հետ կապված քրիստոնեության՝ Հայաստանում պաշտոնական կրոն դառնալու կապակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ։ Այստեղ հեղինակը թեև նախորդ մատենագիրներից քաղվածաբար օգտվելով է ամփոփել մինչև XII դ. վերջին տասնամյակները կատարված անցուդարձերը, ներառյալ նաև Կիլիկիայի հայկական պետականության համապատասխան ժամանակահատվածի պատմությունը, բայց մեզ դեռ անծանոթ որոշ բնագրերի և ավանդական բանավոր պատումների հիման վրա նա լրացուցիչ շատ օգտակար նյութ է հաղորդում, որն, անտարակույս, ունի ճանաչողական արժեք։ Այս մասը կարևոր նշանակություն ունի նաև բնագրագիտական, ինչպես և հեղինակի պատմական աշխարհայացքը գնահատելու տեսակետից։
Գանձակեցին իր նպատակն իրագործել է սույն աշխատության հատկապես 2-րդ մասում, որն ավելի ընդարձակ է և ինքնուրույն, ուստի և ավելի արժեքավոր։ Գրեթե ամբողջությամբ այն շարադրված է իրադարձություններին ականատես և ականջալուր հեղինակի գրչով, անմիջական է և ստույգ։ Այնտեղ հանգամանորեն ներկայացված է XII դ. վերջերից մինչև 1265-1266 թվականները հասնող խիստ հետաքրքիր ժամանակաշրջանի պատմությունը։
Կիրակոսը ծրագրել էր սերունդներին թողնել մոնղոլների տիրապետության շրջանի պատմությունը, և այն իրագործել է ամենայն հաջողությամբ։ Նա հանգամանորեն պատմում է XII դ. վերջին տասնամյակներում Վրաստանի ռազմական ու քաղաքական հզորացման և հայ-վրացական միասնության, Զաքարյանների ժամանակ Հայաստանի՝ սելջուկների լծից ազատագրման, քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացման մասին։
Բայց շուտով սելջուկ էմիրությունների դեմ մղվող շարունակական կռիվների և Խորասանի սուլթան Ջալալէդդինի հրոսակների ասպատակությունների հետևանքով դրությունը վատթարանում է և' վրաց, և' հայոց համար։ Այնուհետև Գանձակեցին սկսում է պատմել մոնղոլների անդրկովկասյան արշավանքների մասին` սկզբից մինչև 1260-ական թվականները, անշուշտ, հիմնականում այն չափով, ինչ չափով որ դրանք առնչվում են նախ և առաջ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նա ընթերցողին մատուցում է ոչ միայն մոնղոլների հաղթական արշավանքների, ավարառության, համատարած կոտորածների պատկերը, այլև նկարագրում է նրանց ցույց տրված հերոսական դիմադրությունը, ժողովրդական ընդվզումները և շատ այլ պատմական հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ։ Պատմագիտական տեսանկյունից հատկապես կարևոր է այն, որ Գանձակեցին բավական լայն տեղ է հատկացրել հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական, իրավահասարակական պայմաններին և հոգևոր մշակութային երևույթներին։
Թաթար-մոնղոլական հրոսակներր ռազմական հաճախադեպ գործողություններով ոչ միայն ջլատում էին երկրի ռազմունակ ուժերը, կործանում քաղաքներն ու շեները, քայքայում շինարարական կյանքն ու տնտեսությունը, այլև բազմապատիկ հարկահանությամբ, կողոպուտով, գերեվարությամբ և այլազան անօրինություններով ծանր ողբերգության էին մատնում ժողովրդին։ Մոնղոլների վարած հատուկ տնտեսական քաղաքականության հետևանքով թեև առաջին հերթին քայքայվում էր Հայաստանի երկրագործական տնտեսությունը, բայց և մեծապես վնասվում էին քաղաքային կյանքը, արհեստագործության և տարանցիկ առևտրի զարգացումը։
Այսպիսի հանգամանքներում, բնական է, արտագաղթը ևս մեծ չափեր էր ընդունում, ցրվում էին հատկապես քաղաքային տարրն ու արհեստավորական խավերը։
Գանձակեցու Պատմության մեջ կարևոր տեղեկություններ կան մոնղոլների մասին՝ նրանց արտաքինի, նիստուկացի, կենցաղային և ազգագրական բնույթի առանձնահատուկ իրողությունների, հոգևոր-բարոյական խառնվածքի և լեզվի վերաբերյալ։ Կիրակոս Գանձակեցին բերում է նաև մոնղոլերեն մոտ 60 բառեր և նրանց նշանակությունը, որոնք խոշոր արժեք ունեն XII—XIII դարերի մոնղոլերենի ուսումնասիրման համար։
Գանձակեցին պատմա-ճանաչողական կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև ժողովրդի, սոցիալ-քաղաքական ելույթների, աղանդավորական շարժումների, ֆեոդալական և եկեղեցական իշխանությունների գոյավիճակի ու վարքագծի, նրանց առավել ականավոր ներկայացուցիչներից ոմանց ռազմական, քաղաքական, հոգևոր և գիտա-մշակութային գործունեության մասին։ Նա բավական հանգամանալից տեղեկություններ է հաղորդում հատկապեսՀովհաննես ՍարկավագիՆերսես ՇնորհալուԳրիգոր ՏղայիՆերսես Լամբրոնացու, Լևոն Բ և Հեթում Ա թագավորների, Զաքարյան տոհմի ներկայացուցիչների, Մխիթար Գոշի, Հովհաննես Վանականի մասին։ Նա սրտի ցավով հիշատակում է խորացող հասարակական-սոցիալական արատներր։ Պատմիչր բավական ընդարձակ տեղ է հատկացնում եկեղեցուն, եկեղեցականությանը, դավաբանական խնդիրներին, որոնք, ինչպես հայտնի է, շատ էին զբաղեցնում միջնադարյան Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև ազգային-հասարակական ու քաղաքական միտքը։
Գանձակեցին չի մոռանում հիշատակել նաև բնական աղետները` երկրաշարժերն ու մարախը, որոնք այնքան ծանր հետք էին թողնում երկրի տնտեսական կյանքում։ Նա անհրաժեշտորեն և նպատակադրված ջանում է զուգահեռաբար մատուցել Վրաստանի, Աղվանքի, Կիլիկյան հայկական պետականության պատմությունը՝ սերտորեն առնչված բուն Հայաստանի պատմությանը, դրանով էլ պատմական օգտակար առատ նյութ է մատակարարում պատմագիտությանը։
Նա հեղինակային իր վերաբերմունքը անվերապահ արտահայտող պատմիչներից է, բայց ընդհանրապես ոչ շեշտված ու հախուռն, այլ զուսպ ու կշռադատված։ Հայրենիքին ու ժողովրդին պատահած աղետները շատ խոր ապրելով հանդերձ, ոչ հուսալքության է մատնվում, ոչ էլ դիմում ողբի։ նա ատելով ատում է հայրենիքն ասպատակող հրոսակներին, նրա արտաքին ու ներքին ամեն կարգի թշնամիներին։ Ինչպես և հակառակը, ուրախանում ու հպարտանում է հայ քաղաքական, ռազմական ու մշակութային կյանքի լավագույն ներկայացուցիչներով, թեև, նույնպես, զգաստ ու չափավոր։ Առանձին դեպքերում իր հուզումներով ու պատկերավոր մտածողությամբ թեպետ փոթորկվում է, բայց հարազատ հունից դուրս չի հորդում, չի խախտում մատուցվող պատմական նյութի և մատուցման եղանակի անհրաժեշտ միասնությունը։
Կիրակոս Գանձակեցին իրապատում և ճշմարտաբան պատմիչ է։ Շարադրանքի համեմատաբար առավել առարկայական բնույթի, լայն ընդգրկման և ականատեսի վկայություն լինելու շնորհիվ, նրա Պատմությունը իրավամբ համարվում է հայ պատմագրության լավագույն երկերից մեկը, որը վաղուց արդեն ճանաչվել է որպես առաջնակարգ պատմական սկզբնաղբյուր ոչ միայն հայագիտության, այլև ընդհանրապես կովկասագիտության ու արևելագիտության համար։
Նրա պատմական աշխարհայացքը խարսխված է Աստծո ամենուր և ամենազոր լինելու հավատքի վրա, ուստի, պատմությունն էլ, ըստ այդմ, շարժվում է միայն Աստուծո գիտությամբ ու թելադրանքով, հետևաբար հարկ չկա մանրակրկիտ որոնելու պատմական եղելությունների պատճառական կապը երկրի վրա, ռազմա-քաղաքական կամ տնտեսական զանազան ոլորտներում։
Գանձակեցին տոգորված է ազգային արժանապատվության բարձր զգացումով, հայ մշակույթի ու նրա գործիչների նկատմամբ տածելով խոր հարգանք։
Իր Պատմությունր շարադրելիս Գանձակեցին շատ ու բազմազան աղբյուրներ է օգտագործել։ Գրեթե առանց բացառության դիմել է բոլոր նախորդ հայ պատմագրական աշխատություններին իր երկի, մասնավորաբար, առաջին մասի պատմական նյութը քաղելիս։ Մի քանիսի ազդեցությունը ակնհայտ է նաև նրա գրելաձևի ու կիրառած լեզվաոճական ու արտահայտչական ձևերի վրա։ Նա միաժամանակ օգտվել է հայ թարգմանական գրականությունից, կրոնական, կանոնական ու եկեղեցավարչական հարցերի վերաբերյալ բազմաթիվ երկերից (որոնց մի քանիսի բնագրերը բերել է ամբողջությամբ), ինչպես նաև անցյալի հայ բանահյուսությունից ու տվյալ շրջանի բանվոր-ժողովրդական զրույցներից և ականատեսների վկայություններից։ Նրա երկը իր հերթին սկզբնաղբյուր է ծառայել հետագա պատմագիրների համար։
Գանձակեցու Պատմությունը լրիվ կամ հատվածաբար թարգմանվել և հրատարակվել է լատիներենֆրանսերենանգլերենռուսերեն համապատասխան ներածական ուսումնասիրություններով ու ծանոթագրություններով։
Հայերեն հրատարակվել է Մոսկվայում (1858), Վենետիկում (1865), Թիֆլիսում (1909), Երևանում (1961)։

Комментариев нет:

Отправить комментарий