пятница, 31 мая 2013 г.

Մատթեոս Ուռհայեցի


Մատթեոս Ուռհայեցի, հայ միջնադարյան տարեգիրների փայլուն դեմքերից։ Նա ապրել և ստեղծագործել է դեպքերով ու դեմքերով հարուստ, պետությունների և ժողովուրդների կյանքում ճակատագրական նշանակություն ունեցած իրադարձությունների ժամանակաշրջանում։
Դժբախտաբար, մենք շատ քիչ բան գիտենք Մատթեոս Ուռհա֊յեցու մասին, այն էլ մի քանի ինքնակենսագրական տողերից, որ հանդիպում են նրա երկում։ Ծնվել է 11-րդ դարի երկրորդ կեսին Ուռհա (Եդեսիա) քաղաքում, ուր և վախճանվել է 1138-1144 թթ. միջև, տարեց հասակում։ Կարծիք է հայտնվել, որ նա կարող է զոհված լինել Հալեպի Զանգի ամիրայի կողմից 1144 թ. Ուռհայի գրավման ժամանակ։
Մատթեոս Ուռհայեցին վանական էր, աշխատությունը հիմնականում գրել է Ուռհա քաղաքում, կյանքի վերջին տարիներին եղել է նաև Քեսունում։ Իր երկասիրությունը, որ նա անվանում է «Ժամանակագրություն», սկսվում է 952 թ. և ավարտվում 1136-1137 թթ. դեպքերի նկարագրությամբ, բաժանվելով երեք մասի։ Առաջին մասն ընգրկում է 952-1051 թթ. դեպքերը, այսինքն՝ մեկ հարյուրամյակի պատմություն, երկրորդ մասը 1051-1101 թթ. հիսուն տարվա պատմություն, իսկ երրորդը հասցնում է մինչև 1136-1137 թվականները։
«Ժամանակագրությունը» Ուռհայեցին սկսել է գրել 1113 թ., ընդ որում առաջին մասի հարյուրամյա շրջանի պատմությունը շարադրել է ութ տարվա ընթացքում, ավարտելով այն 1121 թվականին։ Այնուհետև նա սկսել է շարադրել երկրորդ մասը, որն ավարտել է 1128 թ.։ Երկրորդ մասի շարադրանքն ավարտելուց հետո Ուռհայեցին տասը տարի ընդմիջում է տվել, ապա շարունակել է գրել 1138 թ. և մտադիր է եղել շարադրել երեսուն տարվա պատմություն՝1101-ից մինչև 1130 թ., բայց, ինչպես տեսնում ենք, հասցրել է մինչև 1136 — 1137 թթ.։
Ուռհայեցու «Ժամանակագրությունը» ընդգրկում է այն ժամանակաշրջանը, երբ արաբական երկդարյա տիրապետությունից հետո 9-րդ դարի կեսերին հայ ժողովուրդը, օգտվելով խալիֆայության թուլացումից, Հայաստանի մի շարք շրջաններում վերականգնել էր իր ինքնուրույնությունը։ Բայց խալիֆայության թուլացումից օգուտ քաղեց և Բյուզանդիան։ Նա սկսեց վերանվաճել ոչ միայն խալիֆայության ձեռքն անցած կայսրության հողերը, այլև միաժամանակ ծրագրեց ամբողջ Հայաստանի նվաճումը, մշակելով հատուկ քաղաքականություն, որը զենքով և նուրբ դիվանագիտությամբ իրականացերեց մոտ երկու հարյուրամյակի ընթացքում։ 11-րդ դարի կեսերին գրեթե բովանդակ Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության ներքո։
Բյուզանդիան Հայաստանում շարունակեց իր դարավոր քաղաքականությունը, որի նպատակն էր բուն երկրից հեռացնել ազնվականությանն ու ավագանուն։ Բարձր պաշտոններ և ընդարձակ կալվածներ շնորհելով, Բյուզանդիային հաջողվեց կայսրության սահմանները տեղափոխել հայ ազնվականության մի ստվար զանգված։ Բյուգանդական տիրապետության դեմ հայ ժողովուրդը պայքարում էր հնարավոր բոլոր միջոցներով։ Նա ուզում էր թոթափել կայսրության հարկային ծանր լուծը, վերականգնել իր քաղաքական ու կրոնական ինքնուրույնությունը։
Ահա այդպիսին էր վիճակը, երբ սպառնալից դարձան սելջուկների ներխուժումները Հայաստան, որոնք շատ չանցած պիտի ողողեին բովանդակ Փոքր Ասիան, Ասորիքն ու Պաղեստինը։ Զարմանալի պատկերավորությամբ է նկարագրում Ուռհայեցին նրանց նվաճումները. «Թուրքերի արյունարբու և գազազած ժողովուրդը,- գրում է նա,-... սփռվեց աշխարհի երեսով մեկ, ոչ մի գավառ հանգիստ չթողնելով։ Քրիստոնյաների բոլոր երկրները մատնվեցին սրի և գերության, երկրից չքացան երկրագործական մթերքները, սպառվեց հացը, մշակն ու աշխատավորը սրի քաշվեցին և գերի քշվեցին, ամենուրեք տարածվեց սովը։ Բազում գավառներ մարդաթափ եղան, քանդվեց աշխարհն Արևելից, ավերակ դարձավ հոռոմոց երկիրը, մարդիկ ոչ մի տեղ հաց չէին ճարում և չէին գտնում դադար... Երևելի և փառավոր մարդիկ, ազատներ ու իշխաններ և մեծաշուք կանայք մուրացկանությամբ էին զբաղված։ Մենք այդ բոլորին ականատես եղանք»:
Արշավանքների, ավերածությունների, գերեվարությունների սարսափները պատճառ դարձան, որ նոր թափ առներ հայոց արտագաղթը։ Կապադովկիայի գրավումը թուրքերի կողմից ստիպեց հայերին գաղթել Տավրոս և Անտիտավրոս։ Նրանք հաստատվեցին Եփրատի միջին հոսանքում, որտեղ դեռ չէին հասել թուրքերը։ Վերջին Բագրատունի թագավոր Գագիկ Բ-ն սպանվեց 1079 թ. բյուզանդացիների կողմից։ Նրա իշխաններից մեկը՝ Ռուբենը, ապստամբեց և հյուսիս-արևմտյան Կիլիկիայում իր իշխանությունը հաստատեց։ Ռուբենի հաջորդների օրոք Կիլիկիայի հայկական իշխանության սահմանները ընդարձակվեցին մինչև Միջերկրական ծով։ Հայկական իշխանություններ հիմնվեցին Քեսունում, Մծբինում, Բիրում, Արևընդանում, Կարկառում և այլուր։
Փոքրասիական թերակղզու, Ասորիքի և Պաղեստինի գրավումը թուրքերի կողմից մեծ տպավորություն գործեց Եվրոպայում։ X—XI դդ. սոցիալ-տնտեսական հարաբերությունների, և առաջին հերթին քաղաքների ու առևտրական հարաբերությունների, զարգացումն այնտեղ ֆեոդալական դասակարգին մղում էր դեպի նոր երկրների նվաճումը։ «Սուրբ երկիրը» այլադավաններից ազատագրելու քողի տակ, ահա, XI դ. վերջում սկիզբ առավ մի շարժում, որ պատմության մեջ հայտնի է խաչակրաց արշավանքներ անունով։ Խաչակիրներին հաջողվեց Եդեսիայում, Անտիոքում և Երուսաղեմում հիմնադրել իրենց իշխանությունները։
Սկզբնական շրջանում հայերը խաչակիրներին գրկաբաց ընդունեցին, հնարավոր օգնություն և օժանդակություն ցույց տվին նրանց, կարծելով, թե թուրքերի ու հույների լծից ազատ ապրողների հետ գործ ունեն։ Բայց այդ խաբուսիկ հույսերը հօդս ցնդեցին։ «Ֆրանկները,- գրում է Մատթեոս Ուռհայեցին,- երկիրր ավերակ էին դարձրել, մարդաթափ ու տատասկոտ, նրանց ոտքի տակ երկիրը խոպան էր դարձել, այգիներն ու ծառերը չորացել, դաշտերը փշով ծածկվել, աղբյուրներր՝ ցամաքել»:
Ահա, համառոտ գծերով, Մատթեոս Ուռհայեցու պատմական երկի ընդգրկած ժամանակն ու դեպքերը։
«Ժամանակագրությունն» սկսվում է երկրում տարածված սովի նկարագրությամբ։ Եթե նկատի ունենանք երկրորդ և երրորդ մասերի սկզբում Ուռհայեցու թողած ներածական էջերը, ապա սպասելի էր, որ առաջին մասն էլ պետք է նման ներածություն ունենար: Բայց, դժբախտաբար, այն չի պահպանվել, գուցե և Ուռհայեցին ցանկացել է ամբողջ երկի ներածությունը վերջում գրել, բայց չի հասցրել։
Ի տարբերություն շատ այլ ժամանակագիրների (ոչ միայն հայ, այլև օտար) Ուռհայեցին իր պատմական երկը չի սկսում աշխարհի արարչագործությունից կամ թեկուզ ավելի մոտիկ, բայց հեղինակի ապրած ժամանակից բազում դարերով բաժանված դեպքերի նկարագրությամբ, նա շարադրում է երկու հարյուրամյակից էլ պակաս մի ժամանակահատվածի տարեգրությունը, որն իր սկըզբունքներով ու շարադրման ձևով շատ է նման բյուզանդական լավագույն ժամանակագիրներից մեկի՝ Թեոփանես Խոստովանողի երկին։ Ուռհայեցու առջև լուրջ դժվարություններ էին կանգնած։ Հայ միջնադարյան պատմիչների մեծամասնությունը գրել է զուտ հայոց պատմություն, անգամ ընդամենը մի նահանգի պատմություն, Ուռհայեցին, ապրելով հայ ժողովրդի համար արտակարգ բարդ մի ժամանակաշրջանում, չէր կարող նյութի այդպիսի ընդգրկմամբ բավարարվել։ Նա ստիպված էր գրել ոչ միայն հայոց, այլև հայերի՝ հարևան ժողովուրդների հետ ունեցած փոխհարաբերությունների պատմությունը, ավելին, այն օտար ժողովուրդների պատմությունը, որոնց հետ հայերը, ճակատագրի բերմամբ, ստիպված էին շփման մեջ մտնել։ Վրաստան և Աղվանք, արաբական խալիֆայություն, Բյուզանդիա, Բուլղարիա, Եգիպտոսի Ֆաթիմյաններ, սելջուկ թուրքեր և թուրքական իշխանություններ, խաչակիրներ և խաչակրաց իշխանություններ, ահա ոչ լրիվ ցուցակը այն երկրների, թագավորությունների ու իշխանությունների, որոնց պատմությանը նա այս կամ այն չավով պետք է անդրադառնար։
Առաջին մասի մեկդարյա պատմությունը նա շարադրել է «շատ առաջ ծնված ականատես և ականջալուր եղած մարդկանց (ասածի) հիման վրա և հին պատմագիրների (գործերն) ընթերցելով, պատմագիրներ, ովքեր ականատես էին եղել բոլոր անցքերին»։ Դժբախտաբար, նա չի տալիս իր օգտագործած պատմագիրների անունները: Տվյալ ժամանակաշրջանի մեզ հայտնի պատմագիրներից (Շապուհ ԲագրատունիՀովհաննես ԴրասխանակերտցիՍտեփանոս ՏարոնեցիԱրիստակես Լաստիվերցի) և ոչ մեկի գործը նա չի օգտագործել, պիտի ենթադրել, որ նրա ձեռքի տակ եղած աղբյուրները պարզապես չեն պահպանվել։ Մաշտոցյան մատենադարանի ձեռագրերից մեկում գտնվում են հատվածներ մի պատմական երկից, որոնք քաղված են «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի»։ Այս հեղինակը նույնացվում է անվանի գիտնական Հակոբ վարդապետ Սանահնեցու հետ։ Նրա «Ժամանակագրությունից» պահպանված այդ հատվածները հանդես են բերում Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» համապատասխան տեղերի հետ փաստական նյութի, շարադրման ոճի, ձևի և կառուցվածքի ակնառու նմանություններ ու կրկնություններ, որից կարելի Է հանգել այն եզրակացության, որ Մատթեոս Ուռհայեցին իր պատմական երկը շարադրելիս օգտվել է Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրությունից»։ Հակոբ Սանահնեցին իր կյանքի վերջին տարիները անց է կացրել Ուռհայում, ուր և վախճանվել Է 1085 թ., հետևաբար Ուռհայեցին կարող էր ոչ միայն օգտագործած լինել նրա ձեռագիր ժառանգությունը, այլև անձնապես ծանոթ լինել նրա հետ։ Հակոբ Սանահնեցին մտերիմ կապեր է ունեցել ժամանակի նշանավոր քաղաքական և եկեղեցական գործիչների հետ, հնարավորություն է ունեցել նյութեր քաղել Բագրատունիների, ինչպես նաև կաթողիկոսական դիվաններից, մի շարք պաշտոնական փաստաթղթերից և այլ տվյալներից (Չմշկիկ կայսեր՝ հայոց Աշոտ Երրորդ թագավորին ուղղված նամակը, Վասիլ Երկրորդ կայսեր՝ Հովհաննես թագավորին և Սարգիս կաթողիկոսին ուղղված նամակները և այլն)։
1065 թ. նա եղել Է Կոստանդնուպոլսում, որտեղ, հավանաբար, ծանոթացել Է բյուզանդական հեղինակների ժամանակագրություններին, ինչպես և պատրիարքական գրադարանի հարուստ նյութերին, որոնց տվյալները օգտագործել է իր պատմական երկը շարադրելիս։ Ամենայն հավանականությամբ, այս կարգի նյութերը Սանահնեցու ժամանակագրության միջոցով են անցել Մատթեոս Ուռհայեցու պատմական երկին։
Ինչ խոսք, Ուռհայեցին օգտված պիտի լինի նաև բյուզանդական աղբյուրներից անմիջականորեն, բայց կոնկրետ ինչ աղբյուրներից, առայժմ դժվար է ասել։
Երկրորդ և երրորդ մասերում նկարագրված դեպքերի ժամանակակիցն է Ուռհայեցին, և արդեն հանդես է գալիս որպես ականատես ու ականջալուր հեղինակ։ Նա իր քաղաքի, գավառի և մերձակա շրջաններում կատարված դեպքերին լավ տեղյակ է, այդ իմաստով նրա «Ժամանակագրության» այդ էջերը մեծ արժեք ունեն և բարձր են գնահատված ուսումնասիրողների կողմից։ Այստեղ ևս նա, իհարկե, ունեցել է գրավոր աղբյուրներ, որոնք նույնպես չի հիշատակում։ Բացի գրավոր աղբյուրներից, Ուռհայեցին հնարավորություն ուներ խաչակիրների մասին տեղեկություններ քաղել առաջին ձեռքից, հենց կենդանի մարդկանցից, քանի որ հայրենի քաղաքում էր, որ 1098 թ. հիմնադրվեց ֆրանկական առաջին իշխանությունն Արևելքում։
Ուռհայեցու երկը ժամանակագրություն է, ժամանակագրական հաջորդականությամբ շարադրված պատմություն։ Բայց նա դեպքերի ու դեմքերի սոսկ արձանագրող չէ, այլ ուսումնասիրող, նա իր ուրույն մոտեցումն ունի, գիտե գնահատել այս կամ այն անձնավորության բարի գործերը։ Նա անհաշտ է այն ամենի նկատմամբ, որ վնաս է հասցնում իր ժողովրդին, իր հայրենիքին։ Այդպիսին է նրա վերաբերմունքը հույների նկատմամբ նախ և առաջ այն բանի համար, որ նրանք վերացրին հայոց պետականությունը, պատճառ դարձան թուրք ասպատակողների ստրկական լուծը կրելուն։ Չի կարելի չհամաձայնել այն գնահատականին, որ տվել է Ուռհայեցին բյուզանդական ավերիչ քաղաքականությանը Հայաստանում։ Հույները, գրում է նա, «հայոց երկրից հեռացրին քաջ զինվորականներին, նրանց կտրեցին իրենց տնից ու գավառից և կործանեցին հայոց թագավորությունը, նրանք քանդեցին երկրի պարիսպը, որ զինվորներն ու զորավարներն էին կազմում։ Անվերադարձ փախուստը դարձավ հոռոմների քաջության և պարծենալու արտահայտությունը։ Նրանք նմանվեցին այն վատ հովիվներին, որոնք գայլ տեսնելիս փախչում են։ Հոռոմներին մի բան հաջողվեց, այն, որ նրանք հայոց երկրի ամուր պարիսպը քանդելով, կործանեցին, և պարսիկներին (այսինքն թուրքերին) զենքով (երկրի) վրա բաց թողեցին, և դա իրենց համար հաղթանակ համարեցին, իրենք էլ անամոթաբար ճգնում էին ձվատ զորավարներով և ներքինի զինվորներով Հայաստանը պահել, մինչև որ պարսիկները ամբողջ Արևելքը անտերունչ գտան»։
Պետականության վերացման նման պայմաններում Մատթեոս Ուռհայեցին մեծ հույսեր էր կապում հայկական առանձին իշխանությունների հետ, իշխանություններ, որ սելջուկներից և բյուզանդացիներից հեռու հիմնում էին հայ փախստականները և զենքի ուժով պաշտպանում իրենց։
Ուռհայեցին խոր ատելությամբ է լցված հայկական նման իշխանությունների դեմ ոտնձգություններ կատարող ֆրանկների նկատմամբ։ Կոմս Բալդուինը, գրում է պատմիչը, «թուրքից, շատ փորձանք պատճառեց քրիստոնյաներին... նա մեկ առ մեկ ոչնչացրեց հայոց բոլոր իշխանությունները, ավելի հետևողականորեն, քան պարսիկները (այսինքն թուրքերը), հալածական դարձրեց հայոց այն իշխաններին, որոնք կարողացել էին իրենց գոյությունը պահպանել թուրքերի կատաղած ազգի ձեռքից»։ «Ես կուզենայի գրի առնել նրանց բովանդակ անօրինությունները,- գրում է Ուռհայեցին խաչակիրների մասին,- բայց չհամարձակվեցի, քանզի գտնվում էինք նրանց իշխանության ներքո»։
Մատթեոս Ուռհայեցին թեև ապրում և ստեղծագործում էր հայ ժողովրդի պատմության ամենածանր մի ժամանակաշրջանում, հայոց պետականության ոչնչացման, հարազատ ժողովրդի օտար տիրակալների ծանր լծի տակ ընկնելու ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, հուսահատված չէր, նա զարմանալի կերպով լցված է լավատեսությամբ, համոզված է, որ դեռ կգան լավ օրեր, «լավ ժամանակներ» և այդ գիտակցությամբ է, որ նա մղվում է գրելու և սերունդներին հիշատակ թողնելու իր երկը։
Ուռհայեցին ազգային ավանդույթների կրքոտ պաշտպան է։ Նա զգում է, որ պետականության կորստյան պայմաններում ազգային ավանդույթները հայ ժողովրդի գոյատևման գործոններից մեկն են։ Այդ իսկ պատճառով նա պայքարում է, ոչ միայն նրանց դեմ, ովքեր ձգտում էին քաղկեդոնականությունը տարածել Հայաստանում, այլև քաղկեդոնականություն ընդունող հայերի դեմ։
Ուռհայեցին գրում է գրեթե իր ժամանակի խոսակցական լեզվով: Շատ են կրկնությունները և անհարթ նախադասությունները, որոնց մի մասը, անշուշտ, հետագա արտագրությունների հետևանքն է։ Բայց, չնայած այդ բոլորին, մենք ստեպ-ստեպ նրա մոտ այնպիսի գեղեցիկ նկարագրությունների ենք հանդիպում, որ արձակ բանաստեղծության տպավորություն են թողնում. Գագիկ Բ թագավորի՝ Կեսարիայի մետրոպոլիտից վրեժ առնելու, Թորոս իշխանի՝ Գագիկ Բ-ի սպանության վրեժն առնելու պատմությունները հայ հին գրականության լավագույն էջերից են։
Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրությունը» շարունակել է Գրիգոր Երեցը, հասցնելով այն մինչև 1162-1163 թթ., նրա մասին գիտենք, որ քեսունցի երեց էր։ 1137-1138 թթ. Քեսունի վրա Մելիք–Մահմեդի հարձակման մասին գրելիս Գրիգոր Երեցն ասում է. «Ես նվաստ երեց Գրիգորս սրտապնդում էի (քաղաքացիներին) աչալրջորեն պահպանել քաղաքը»։
Գրիգոր Երեցը գրեթե նույն ոճով է գրում, ինչ Մատթեոս Ուռհայեցին, բայց ավելի հստակ լեզվով։ Շարադրանքը մշակված, ավարտված գործի տպավորություն չի թողնում. «Այժմ գնանք ետ, - գրում է նա,- պատմենք այն, ինչ մոռացանք» և հայոց 606 թ. դեպքերից հետո շարադրում է 602 թ. դեպքերը։
Գրիգոր Երեցը, Մատթեոս Ուռհայեցու նման, մերկացնում է բյուզանդացիների կործանարար քաղաքականությունը հայերի նկատմամբ: «Մենք դեռ հին ժամանակներից գիտենք, - գրում է նա,- ինչպես նաև ժամանակագիրներից, որ հունաց կայսրերը քրիստոնյաների փրկության համար ոչինչ չեն արել, նրան միայն քաղաքներ և գավառներ գիտեն խլել և թալաներ: Նրանք էին պատճառը, որ հայերը հեռացան իրենց երկրից, որ այլազգիներր հզորացան և եկան տիրեցին ամեն ինչին»։ Դժվար չէ կռահել, որ Գրիգոր Երեցը գրում է ոչ միայն իր տեսածը, նրա այդ խոսքերի համար աղբյուր է ծառայել հենց Ուռհայեցու «Ժամանակագրությունը»։ Ինչ վերաբերում է ֆրանկներին (խաչակիրներին), ապա, ի տարբերություն Ուռհայեցու, որ ի վերջո միանգամայն պարզ պատկերացրեց նրանց էությունը, Գրիգոր Երեցը չի գիտակցել նրանց իսկական նպատակները։
Գրիգոր Երեցի շարունակության մեջ մեծ տեղ է գրավում Քեսունի և Մարաշի ֆրանկ իշխան Բալդուինի անհայտ կորստյան (1148 թ.) առթիվ գրված ընդարձակ ողբ-դամբանականը։ Եթե պատմական փաստերով այն շատ է աղքատ և պատմաբանին քիչ նյութ է տալիս, ապա որպես հայ գրականության պատմության մեջ պահպանված նման ժանրի հազվագյուտ նմուշ, մեծ արժեք է ներկայացնում և իր լեզվով, և՛ շարադրման ձևով։
Ուռհայեցու «Ժամանկագրությունը» Գրիգոր Երեցի շարունակությամբ հանդերձ, օգտագործել է Սմբատ Սպարապետը իր «Տարեգրքի» շարադրման ժամանակ։ Նա պարզապես այդ ամբողջ գործի համառոտումն է կատարեր: Ապրելով Ուռհայեցուց և Գրիգոր Երեցից մոտ մեկ դար անց, պարզ է, որ Սմբատ Սպարապետը ձեռքի տակ է ունեցել «Ժամանակագրության» եթե ոչ սկզբնագիրը, համենայն դեպս, նրանից անմիջապես արված մի ընդօրինակություն, որ շատ ավելի հին է և հարազատ բնագրին, քան մեր ձեռքի տակ եղած գրչագրերը։ Այդ իմաստով Սմբատի Տարեգրությունը օգտակար է սրբագրելու համար «Ժամանակագրության» գրիչների մեղքով աղավաղված մի շարք ընթերցումներ։
Ուռհայեցու «Ժամանակագրությունը» արդեն շուրջ երկու դար է, ինչ դարձել է պատմաբանների ուսումնասիրության առարկան։ Բացի հայագետներից, նրա վրա մեծ ուշադրություն են դարձրել բյուզանդագետները, արաբագետները, թուրքագետները, Արևելքի խաչակրաց պետությունների պատմությամբ զբաղվող մասնագետները։
1850 թ. ֆրանսիացի հայագետ էդ. Դյուլորիեն խաչակրաց առաջին արշավանքի մասին Մատթեոս Ուռհայեցու տեղեկությունները հրատարակեց ֆրանսերեն թարգմանությամբ, իսկ 1858 թ. իրականացրեց «Ժամանակագրության» ամբողջական ֆրանսերեն թարգմանությունը՝ Գրիգոր Երեցի շարունակությամբ հանդերձ (բացառությամբ Բարսեղ Քեսունցու ողբ-դամբանականի), նրան կցելով առաջաբան և մանրամասն ծանոթագրություններ։
«Ժամանակագրության» հայերեն բնագիրը առաջին անգամ լույս տեսավ 1869 թ. Երուսաղեմում, իսկ երկրորդ անգամ, ավելի լիակատար գրչագրից՝ 1898 թ. Վաղարշապատում։
Խաչակրությունների պատմության գերմանացի հետազոտող Ա. Լյուդերսը, ասորական և հայկական աղբյուրների հիման վրա գրված իր աշխատության մեջ, Մատթեոս Ուռհայեցու գործը դնելով ասորական այնպիսի անվանի հեղինակների կողքին, ինչպիսիք են Միքայել Ասորին և Գրիգոր Աբուլ Ֆարաջը (Բար Հեբրեոս), գրում է. «Ուռհայեցին մանրամասների մեջ ավելի լավ է կողմնորոշվում, քան ասորական ժամանակագիրները»։
Ուռհայի և Կիլիկիայի պատմության առանձին դրվագներին անդրադառնալով, խաչակրությունների պատմության հայտնի մասնագետ Մ. Զաբորովը գրում է. «Բոլոր հիմքերը կան Մատթեոս Ուռհայեցու՝ Կիլիկիայի քաղաքական պատմությանը ընդհանրապես լավատեղյակ հեղինակի ցուցմունքները ճշմարտությանը ավելի մոտիկ համարելու, քան թե արևմտյան պատմիչների վկայությունները»։

Комментариев нет:

Отправить комментарий